Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Երևանը խոստանում է հանձնել ղարաբաղյան հողերը Ստեփանակերտի թիկունքում

Երևանը խոստանում է հանձնել ղարաբաղյան հողերը Ստեփանակերտի թիկունքում
19.09.2017 | 23:21

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով Հայաստան- Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովի մասնակիցների հարցերին, տեղեկացրեց, որ «ղարաբաղյան խնդրի կարգավորման շրջանակներում Ադրբեջանի հետ քննարկում է այն տարածքների վերադարձը, որ սպառնալիք չեն ներկայացնում Ղարաբաղի համար… չեն սպառնում ոչ Ղարաբաղին, ոչ կոնֆլիկտի հանգուցալուծմանը»: Եվ հավելել է. «Այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, հակառակ դեպքում բանակցությունները կձախողվեն»: Ադրբեջանում այս տեղեկությունը սկզբում ընդունվեց իբրև սենսացիա: Որովհետև, ինչպես Բաքվի ԶԼՄ-ներն են գրում, «Նալբանդյանն առաջին անգամ խոսեց օկուպացված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու մասին` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացի շրջանակներում»:

Իմ կարծիքով` իսկական սենսացիան դա չէ:
Նախ` բոլոր նշաններով նկատվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման նոր գործընթաց, որը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից դուրս է` դա են հաստատում մեր դիվանագիտական աղբյուրները: Բոլոր դեպքերում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շեֆերը իրավիճակը այսպես է բնորոշում. «Սպասում եմ իմ գործընկեր համանախագահների` դեսպան Պոպովի (ՌԴ) և դեսպան Վիսկոնտիի (Ֆրանսիա), նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ աշխատանքին և հույս ունեմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հիմք կապահովի երկու պետությունների նախագահների հանդիպման համար»: Հետևաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հնարավորություն չեն ունեցել որոշակի դիրքորոշումներ համաձայնեցնել, թեպետ լուրեր են շրջանառվում, որ կոնֆլիկտի կարգավորման բանակցային սեղանին ինչ-որ փաստաթուղթ է, որը ենթադրում է որոշ շրջանների վերադարձը Բաքվին: Բայց Մինսկի խումբը մինչև հիմա լռում է, իսկ պաշտոնական հայտարարությունն անում է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Երկրորդ` այս գործողությունները ցույց են տալիս, որ Երևանը ամբողջությամբ անտեսում է Ստեփանակերտի հայտարարած սեփական միջազգային սուբյեկտությունը, որը Հայաստանը կարող է ճանաչել, ինչպես հայտարարեց Նալբանդյանը, միայն այն դեպքում, եթե «սկսվի պատերազմ և պատերազմը հնարավոր չլինի անմիջապես դադարեցնել»:

Բայց ԼՂՀ Սահմանադրության համաձայն, Ադրբեջանի կորցրած տարածքները, նախկին ԼՂԻՄ-ի տարածքների հետ, Արցախի անբաժանելի մասն են:
Երրորդ` եթե կարելի է խոսել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների միջև ինչ-որ «սեպարատ» պայմանավորվածությունների մասին` առանց ԵԱՀԿ Մինսկի խմբի «միջնորդների օգնության», ինչու՞ սկզբնական էյֆորիայից հետո Նալբանդյանի հայտարարությունը կտրուկ քննադատեց Բաքուն: Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հանկարծ հայտարարեց, որ «արտաքին գործերի նախարարի պաշտոնում իր գործունեության ընթացքում էդվարդ Նալբանդյանը ուրիշ ոչնչով չի զբաղվել, քան Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ կարգավորման գործընթացին վնասելը», և պահանջեց բոլոր շրջանների վերադարձ: Ո՞չ այն պատճառով, որ Բաքուն նյարդայնացած է Նալբանդյանի կողմից «սեպարատ» բանակցությունների մասին տեղեկատվության արտահոսքով: Հաջիևը ճշտել է, որ «Ադրբեջանը թույլ չի տա երկրորդ հայկական պետության ստեղծումը իր սուվերեն տարածքներում»: Իսկ եթե դա՞ չէ խնդիրը: Եթե Ադրբեջանին վերադարձնում են շրջանները, իսկ Բաքուն ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, բայց միայն Հայաստանի կազմու՞մ: Այդ տարբերակի հնարավորության մասին գրում է Բաքվի «Ատլաս» հետազոտական կենտրոնի տնօրեն Էլհան Շահինօղլուն. «Մենք ստանում ենք հարակից 5 շրջանները և փոխարենը վերջնականապես կորցնում ենք բուն Լեռնային Ղարաբաղը»: Այսպիսի դատողությունները դատարկ տեղը չեն արվում: Շահինօղլուն հարց է տալիս. «Ի՞նչ են նրանք (Հայաստանը) պահանջում հողերի փոխարեն, որ պատրաստվում են մաքրել»: Իրոք, ի՞նչ են պահանջում: 2016-ի ապրիլյան պատերազմից հետո Հայաստանը կարող էր իբրև բանակցային գործընթացի վերսկսման պայման պահանջել Ստեփանակերտի մասնակցությունը իբրև կոնֆլիկտի կողմ և հանրապետությունը ներմուծել բանակցային գործընթաց: Առավել ևս, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները ուղղորդում էին Բաքվին ու Երևանին 1990-ականների հրադադարի փաստաթղթերին հետևելու անհրաժեշտությանը, որոնց տակ Բաքվի, Երևանի ու Ստեփանակերտի ստորագրություններն են: Դա չարվեց: Հիմա Նալբանդյանը, հայտարարելով ադրբեջանական որոշ շրջանների վերադարձի հնարավորության մասին, փաստացի անտեսում է Ստեփանակերտի սուբյեկտությունը: Ավելին` դա արվեց Ադրբեջանում Թուրքիայի հետ համատեղ լայնամասշտաբ զորավարժությունների ընթացքում և Եվրամիության հետ համաձшյնագրի ստորագրման նախօրեին: Պատահակա՞ն է: ԼՂՀ նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի շրջակա բոլոր տարածքներն ունեն կարևոր նշանակություն անվտանգության ապահովման տեսակետից, սահմանների ու կարգավիճակի առումով անցյալին վերադարձ չկա»: Ըստ տեղեկությունների` առաջիկայում Մինսկի խմբի համանախագահները մտադիր են քննարկել նոր իրավիճակը տարածաշրջանում ու նրա շուրջ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իրոք, ԼՂՀ նախագահի մամլո քարտուղարը հայտարարել է, որ անվտանգության առումով Լեռնային Ղարաբաղի համար բոլոր տարածքները կարևոր նշանակություն ունեն, և դա հակասում է ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանի հայտարարությանը, որ կարող են հանձնվել այն տարածքները, որոնցից հրաժարվելը Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը սպառնալիք չէ: «Կոնֆլիկտը պետք է կարգավորվի այնպես, որ հետևանքները մեծ կորուստների ու նոր արյունահեղության չհասցնեն: Հիմա Ադրբեջանի համար վերադարձը 1988-ի ելակետերին առավել քան շահեկան է, հենց այդ պատճառով է Բաքուն դրան ձգտում, իսկ ի՞նչ կլինի իրավիճակի այդօրինակ զարգացման դեպքում, ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի նախաձեռնի նոր ռազմական գործողություններ: Կամ, ասենք, նույն Քարվաճառը, որտեղից սկիզբ են առնում նախկին ԼՂԻՄ-ի ջրային ռեսուրսների 85 %-ը` Արփա ու Որոտան գետերը, որ թափվում են Սևանա լիճ: Ի՞նչ կկատարվի այդ ջրային ռեսուրսների հետ Քարվաճառը Ադրբեջանին տալու դեպքում, որտե՞ղ են երաշխիքները, որ Բաքուն չի զբաղվի «ջրային ահաբեկչությամբ»` հարցրել է Դավիթ Բաբայանը և ընդգծել, որ կարգավորումն ու փոխզիջումները պետք է լինեն հավասարակշիռ ու համաչափ: «Չի կարելի տարածքներ տալ խոստումների փոխարեն: Խոստումների փոխարեն կարելի է միայն խոստումներ տալ: Եթե տարածքների մասին խոսենք, Ադրբեջանը հայկական շատ գյուղեր ունի (Գետաշեն, Մարտունաշեն, Արծվաշեն, Շահումյան), որ պետք է վերադարձվեն»: «Միակողմանի զիջումներ չեն լինի, ցանկացած միակողմանի զիջում աղետի է հանգեցնելու»` եզրափակել է Դավիթ Բաբայանը:


Անվտանգության գոտին ներառում է Քելբաջարի շրջանը (1936 կմ²), Լաչինի շրջանը (1835 կմ²), Ղուբատլիի շրջանը (802 կմ²), Ջեբրայիլի շրջանը (1050 կմ²), Զանգելանի շրջանը (707 կմ²), Աղդամի շրջանը մասնակի` 77% (842 կմ²), մասնակի Ֆիզուլիի շրջանը` 33% (462 կմ²): ԼՂՀ Սահմանադրության 142 հոդվածով, մինչև ԼՂՀ պետական տարածքի ամբողջականության վերականգնումը և սահմանների ճշտումը, իշխանությունը իրականացվում է փաստացի ԼՂՀ ենթակայության տակ գտնվող տարածքներում: Մի քանի օր առաջ Բակո Սահակյանը ԼՂՀ ԱԺ հատուկ նիստում երդմնակալությամբ ստանձնելով նախագահի պաշտոնը` երաշխավորեց Արցախի անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը: Ճիշտ է` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը այդ նիստին ներկա չէր: Բայց ինչու՞ է ռուս փորձագետը Ստեփանակերտի պատիվը պաշտպանում` Երևանի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1911

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ